2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄՏՔՈՎ ՉԱՆՑՆԻ, ԹԵ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՇԱՐԺՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ»

«ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՄՏՔՈՎ ՉԱՆՑՆԻ, ԹԵ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՇԱՐԺՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ»
25.01.2011 | 00:00

Վերջին շրջանում ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքները ներքաղաքական կյանքում բավականին աշխուժություն են մտցրել։ Ընդդիմադիրներից ոմանք կարծիք հայտնեցին, թե ՀԱԿ-ը պետք է միանա նրան։ Այս փաստի առնչությամբ ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ իր դիտարկումները ներկայացրեց մեր թերթին։
-Հայաստանում խնդիրներն այնքան ծայրահեղ են, սոցիալական վիճակն այնքան վատ, անիրավությունը` բարձր, որ հասարակությունն ունի երկու ճանապարհ` լքել երկիրը կամ փրփուրներից կախվել, երբ բողոքի ցանկացած դրսևորում հույս է արթնացնում,- ասաց պարոն Մանուկյանը։- Այնտեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր չունեն ապրելու հնարավորություն և իրենց հանապազօրյա հացի համար են կռիվ տալիս։ Շատ ուժեղ ազդակ էր նաև «փողոցային շուկայի» փակման մասին աննորմալ որոշումը։ Այդ մարդիկ ոչ թե բիզնես են անում, այլ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում։ Երբ ոսկու շուկան ըմբոստացավ, տեղի աշխատողները, եթե անգամ չզբաղվեին իրենց այդ գործով, կարող էին ապրել, իսկ այս պարագայում խնդիրը լրիվ այլ է։ Ողջ մասսան այդ օրը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ, որից հետո բարձրացել էր Մատենադարան` ինչ-որ մեկին իրենց դարդը պատմելու։ Անշուշտ, ցավալի է, որ մարդն անզորությունից փողոց է դուրս գալիս։ Այսպես էր Թունիսում։ Սակայն սա պայքարի ոչ քաղաքակիրթ ձև է։ Այս վիճակը, մի կողմից, վատ է, մյուս կողմից` լավ, քանի որ քաղաքացիական պահվածքի դրսևորում է։ Պարզապես ոչ թե Թունիսի օրինակով գնացել հաց են ուզում, այլ հաց վաստակելու իրենց իրավունքը, և եթե այն արտահայտվում է ինչ-որ մեկի միտինգի ժամանակ, դա բացասական բան չէ։ Հետո կարող է հիասթափվել, քանի որ ճանապարհը երկար չէ, «իշխանափոխություն» բառը, Սերժ Սարգսյանի անունը չեն հնչելու։ Վատ է, որ այդ մարդիկ հիասթափվելու են, քանզի հնարավոր է, որ այլևս քաղաքացիական ակտիվություն հանդես չբերեն։ Այդուհանդերձ, բոլորն էլ գիտեն, որ կա ընդդիմադիր այն ձևաչափը, որ իսկապես քաղաքական է, ում հետ ոչ միայն հայ ժողովուրդը, այլև ողջ աշխարհն է հաշվի նստում։
-Փաստորեն, հերքվում է այն տեսակետը, թե Տեր-Պետրոսյանի գործոնով է պայմանավորված հանրահավաքների բազմամարդությունն ու կոնգրեսի շուրջ համախմբումը։ Պարզվեց` ով էլ հարթակում լինի, հիասթափված ժողովուրդը կկանգնի նրա կողքին։
-Հուսահատության գործոնը կա, բայց կա նաև լրջության, հեռանկարային, կանխատեսելի լինելու գործոն։ Ի վերջո, կա գրագիտության գործոն։ Մի՛ համեմատեք։ Ըմբոստացումը լավ է, որովհետև արդար հողի վրա է։ Դա ամենևին չի խանգարում ՀԱԿ-ին։ Որևէ մեկի մտքով չանցնի, թե կոնգրեսին մրցակից շարժում կարող է ստեղծվել։ Այդպիսի բան լինել չի կարող։ Մեր շարժումն ինստիտուցիոնալ է, կայացած, հիմնավոր, գաղափարական է ու մոտիվացված։ Ծանր, լուրջ շարժում է, ու նրա կառույցները միջազգայնացված են (ՀՀՇ-ն երեք միջազգային կառույցի անդամ է)։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելու հեռանկարը տեսնում ենք ոչ թե ապակի ջարդելով, այլ եվրոպական կառույցներում ներգրավվելով, իրավական գնահատականներ տալով և այլն։ Գուցե պարզունակ է հնչում, բայց չպետք է համեմատել լուրջ գործընթացը թիթեռնիկայինի հետ։
-Ինչո՞ւ է ՀԱԿ-ը մի տեսակ կողքից դիտում, տեր չի կանգնում այս հիասթափված մարդկանց բողոքին։
-Այդ մարդիկ գիտեն բոլորիս։ Անհանգստանալու կարիք չկա։ Կոնգրեսը պասիվ չէ, Համարբերգի այցելության հետ կապված մենք հրաշալի աշխատեցինք։ Մի մտածեք, թե Նիկոլի, ՈՒռուտյանի հետ հանդիպումը պատահական էր։ Աշխատանքի արդյունքով էր պայմանավորված, որ Համարբերգը գնաց Տեր-Պետրոսյանի տուն` նրան հանդիպելու։ ՀԱԿ-ը ծանրախոհ քայլեր և հեռանկարային գործունեություն իրականացնող կառույց է։ Հրատապ որոշում կայացնելը չէ, որ հաղթանակ է ապահովում։
-«Չշտապելու» ճանապարհին կոնգրեսն իր համակիրներին չի՞ կորցնում։
-Ոչ, ամենևին։ Երբ հասկանանք, որ եզրափակիչ, որոշիչ փուլ ենք մտնում, կկարողանանք և՛ անհրաժեշտ թվով ու որակով մարդիկ հավաքել, և՛ հիմնավոր ու գաղափարական լինել։ Այս պարագայում «հաց ուզելու» խնդիրը քիչ է լինելու։ Մեր շարժումը ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, ինտեգրացված Հայաստան ունենալու համար է։ Թվում է` բարձր բաներ եմ ասում, բայց սրանք են մարդու աշխատանք, իրավունք, պաշտպանվածություն ապահովում։ Իշխանափոխությունը չէ, որ առաջ է մղում մեզ, այլ զարգացած, հեռանկարային Հայաստան ունենալը։ Իմ ողջ թիմը եղել է իշխանության մեջ, սակայն իմ կուսակից ընկերները երբեք իշխանությունն այնքան չեն «օգտագործել», որքան սրանք։
-Այսինքն, այնուամենայնիվ, օգտագործել են։
-Այսօրվա մեր թիմի մեջ չեք գտնի մեկին, որ ապաշխարելու անհրաժեշտություն ունենա։ Այդ մարդիկ, լինելով իշխանության մեջ, իրենց անձի համար գործունեություն չեն ծավալել։ Դրանով ենք ուժեղ մնացել ու պայքարի առաջամարտիկ դարձել։
-Քոչարյանի ղեկավարման տարիներին ողջ եթերը ողողված էր ՀՀՇ-ի «հանցագործությունների» մասին նյութերով։ Փաստորեն, դրանք իրականությանը չե՞ն համապատասխանում։
-Եթե իշխանությունը նրանց ձեռքին էր, ու ողջ քարոզչամեքենան դրա վրա էր աշխատում, ինչո՞ւ մի մարդ չդատվեց, մի դեպք չբացահայտվեց։ Փաստորեն, իրենք ապացուցեցին, որ այդ ամենը բլեֆ էր, քամի, քարոզչական էքսպանսիա։ Մենք ապրում էինք լրիվ այլ արժեհամակարգում։
-2011-ը նախընտրական տարի է։ Ի՞նչ սպասենք ՀԱԿ-ից։
-Մենք մեր գործն առանց խուճապի անելու ենք։ Թիվ մեկ խնդիրը քաղբանտարկյալներն են։ Հուսամ, Համարբերգի այցն ինչ-որ բան կտա։ ՀՀՇ-ն իր լծակներով կփորձի նաև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում գործընթացն արագացնել։ Հերթական ակտիվ փուլ ենք մտնելու, որն ավելի շուտ սկսվեց, քան նախատեսում էինք։ Հնարավոր ամեն ինչ անելու ենք արտահերթ նախագահական ընտրությունների համար, որը կկասեցնի արտագաղթը, ղարաբաղյան հարցում առաջընթաց կլինի, տնտեսությունը չի գահավիժի և այլն։
-Ամեն դեպքում, եթե հերթական խորհրդարանական ընտրություններ լինեն, ՀԱԿ-ը կմասնակցի՞։
-Չեմ կարող ասել։ Ոչ մի մարզիկ, մրցասպարեզ դուրս գալով, չի մտածում ձախողման մասին։
-Ի՞նչ երաշխիք ունեք, որ Համարբերգի զեկույցը կարող է անաչառ լինել, չէ՞ որ նա ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի հողերը։
-Լավատես եմ, քանի որ հանդիպումները բազմաբովանդակ էին, ինքն էլ մանրադիտակով էր «նայում» բոլոր ինֆորմացիաները։ Իսկ ամենակարևոր գրավականն ընդդիմադիրների ակցիան էր։ Այդ մարդկանց թիվը հաշվի առնելով` կարող է ասել, որ Հայաստանի ընդդիմությունը երեք տարի շարունակ նույն նոտան է հնչեցնում, այսինքն, մարդիկ իրենց երկրում ժողովրդավարություն են ուզում։ Ակնկալում ենք անաչառ զեկույց, իսկ ողորմածություն ոչ մեկից չենք ուզում։ Մենք մեր հարցերը կլուծենք։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ